ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Շախմատ. Երկու անհայտով մեկ շատ հայտնի բառ

 Շախմատ. Երկու անհայտով մեկ շատ հայտնի բառ
30.05.2013 | 00:02

Հայտնին հայտնի է. ինտելեկտուալ խաղ-սպորտաձև:

Անհա՞յտը:

ա) Բառի բուն իմաստով ի՞նչ կնշանակի «շախմատ»:

բ) Ի՞նչ լեզվով է «շախմատ»։

Ասում են` նման դեպքերում ճիշտ է հանրագիտարանին դիմելը:

Բացում ենք ՀՍՀ (Հայկական սովետական հանրագիտարան) ութերորդ հատոր, էջ 414:

Կարդում ենք`

«ՇԱԽՄԱՏ- ( պարսկ.` մահ արքային )…»։

Ներեցե՛ք, թարգմանությունը հավաստի չէ:

Եթե կասկած կա, պետք է ճշտել: Բոլորին է հայտնի, որ այս խաղի ընթացքում ամենափոքր սխալը կարող է որոշիչ, նույնիսկ ճակատագրական լինել:

ՈՒրեմն ճշգրտենք. բծախնդրորեն և ստեղծագործաբար:

Ըստ ՀՍՀ-ի` պարսկերեն շախմատ երկվանկանի բառի մի վանկը պետք է թագավոր նշանակի, մյուսը` մահ:

Իրականում, այո, այդ բառի առաջին վանկը պարսկերեն է, բայց նշանակում է «կոտոշ»: Չէ, մեզ կոտոշ պետք չէ, մեզ «արքա» է պետք: Այդ դեպքում ձեզ… այսինքն` մեզ, պետք է «շահ» բառը եվ շախմատը կդառնա շահմատ. «Նադիր շահը զորք հավաքեց, զորք հավաքեց անհամար…». մանկուց մեզ ծանոթ տողեր: Այսքանը շախմատ բառի առաջին վանկի մասին: Այժմ բառի երկրորդ վանկը` մատ: Հիշենք` պարսկերենում տե հնչյուն չկա, կա թե հնչյուն: Հետևաբար, այդ բառը պարսկերեն կկարդացվի «շահմաթ», և եթե «մաթ» բառին մահ իմաստ է վերագրվում, ապա ստացվում է, որ այն ոչ թե պարսկերեն է, այլ արաբերեն: Նկատենք, որ շփոթը մեծանում է, բայց չշտապենք: Նախ պարզենք` այդ ինչպե՞ս է շահմաթը դարձել շախմատ: Շփոթի հեղինակը հ-խ հնչյունափոխությունն է, որը սովորաբար գալիս է ռուսերենից և այս դեպքում էլ մեքենայորեն անցել է հայերենին: Թափթփվածությունը մայրենիի նկատմամբ մեզ, դժբախտաբար, չի զարմացնում, բայց այս խնդրի մեջ ի՞նչ գործ ունի ռուսերենը, այն էլ հնչյունափոխություն պարտադրող իր կեցվածքով:

Լավ, հնչյունափոխության հարցում շատ չխորանանք: Եթե բուն բառը շախմատ չէ, այլ «շահմաթ» է, ապա դրանից որևէ բան… որևէ էական բան փոխվո՞ւմ է:

Այո, փոխվում է:

Ի՞նչ է փոխվում:

Պատկերացրեք` շատ բան, համարյա ամեն բան, սակայն հարցին պատասխանելուց առաջ տեղին կլինի ևս մի դիտարկում անել: Ռուսերենում այդ խաղը կոչվում է ոչ թե շախմատ, այլ շախմատի /???????/. այսինքն` հոգնակի՞: Ինչո՞ւ հոգնակի: Հոգնակի՞, թե՞ եզակի, իրենց` ռուսների գործն է, մեզ, այս դեպքում հետաքրքրում է հնչյունը, և ասենք, որ շան գլուխը հենց այդտեղ է թաղված: Նշանակում է` եթե մենք ռուսերենի հնչյունափոխությունը հաշվի չառնենք` կստացվի «շահմաթ» և հետևաբար նաև` «շահմաթի», այո:

Այո:

Բարի, այսքանը մտապահենք և անցնենք առաջ:

Կրկին վերադառնանք ՀՍՀ-ին (էջ 414) և ասենք` «շախմատ» բառի մեկնությունը` «մահ արքային» ոչ միայն սխալ ենք համարում այլև վիրավորական: Դիմենք ստույգ աղբյուրին (Հրաչյա Աճառյան, «Հայերեն արմատական բառարան», Գ հատոր, էջ 190):

«ՃԱՏՐԱԿ» «սատրանջ, շախմատ խաղը»: «Այս խաղի հնարումը Ֆիրդուսին տալիս է հնդիկներին: Հնդկաց թագավորի մեռնելով` երկու որդիների (Գավ և Թահլենդ) միջև գահակալական կռիվ սկսվեց. կրտսերը` Թահլենդը մեռավ պատերազմի մեջ. մայրը անիծեց Գավին, իբրև եղբայրասպանի: Գավը հավաքեց հնդկաց իմաստուններին, որոնք հնարեցին ճատրակը, իբրև պատկեր պատերազմի, և ցույց տվին մորը` թե որդին չմեռավ եղբոր ձեռքով, այլ ամեն կողմից պաշարված` հոգնությունից և ծարավից»:

Այսպես. Աճառյանի վկայությսմբ, թագավորը ոչ մեկի ձեռքով չի մեռնում, քանի որ հակառակորդ բանակի ոչ մի մարտնչող իրեն թույլ չի տա նրան հարվածել, ինչպես վարվում են բոլոր մյուսների հետ, որոնց «դին» հանում են դաշտից: Այս խաղի ավարտին պարտվող թագավորը հայտնվում է ծուղակում, ոչ մի կողմ քայլ անել չի կարողանում և … իրեն պարտված է ճանաչում: Այնպես որ «մաթ» բառն այստեղ արաբերենով «մեռնել» հասկանալը սխալ կլինի: Իսկ ունի՞ արդյոք այդ բառը մեկ այլ իմաստ: ՈՒնի և արտահայտում է հենց այն վիճակը, որի մեջ հայտնվել է պարտվող թագավորը, թեև բառը նույնն է` «մաթ», սակայն պարսկերեն է և, ինչպես ասացինք, ուրիշ իմաստ ունի:

«Մաթ.- շվարած, ապշած, զարմացած» (Գ. Նալբանդյան, Պարսկերեն-հայերեն բառարան):

Մի խոսքով, պարտվող թագավորին մնում է Թումանյանի ձախորդ Փանոսի պես սուրենքոչարյանավարի բացականչել` «ադա, էս ո՞նց էլավ»:

«Շահմաթ» բառի վերը նշված իմաստի բերումով մեկ այլ վկայություն ևս:

«Զույգ ծամերդ գանձի վրա ննջող երկու օձերի նման,

Շապիկիդ տակ մի զույգ նարինջ աննման.

Լիալուսնի պես հենց հայտնվեցիր

Իսքանդարը մաթ եղավ ճատրակի շահի նման»:

(Քուհի Քերմանի. Իրանի գեղջկական, ժողովրդական խաղիկներ):

Թվում է` «շախմատ-շահմաթ» բառի ամբողջապես պարսկերեն լինելը, ոչ այն բացատրությամբ, որ ՀՍՀ-ն է տալիս, առարկության ենթակա չէ: Առկա շփոթությունը հետևանք է այն բանի, որ հանրագիտարանի «շախմատ» բառի հոդվածագիրը, պարսկերեն բառը մեկնաբանում է արաբերեն և այդպիսի ծանր վիրավորանք է վերագրում հաղթողին: Այո, իրոք, արքայասպանությունը բոլոր ժամանակներում բացառիկ ծանր հանցանք է համարվել, և այս պայքարում ևս այն տեղի ունենալ չի կարող: Թվում է, որ այս մեկնաբանությունը լուծում է խնդիրը, և թյուրիմացությունը պետք է սուսուփուս հեռանա:

Բայց արի ու տես, որ թյուրիմացությունը հեռանալու մտադրություն չունի:

Ինչո՞ւ: Որովհետև, ըստ այդ մեկնաբանության, ՇԱԽՄԱՏ բառն իրականում պարսկերեն ՇԱՀՄԱԹ բառն է, և ովքեր ՇԱԽՄԱՏ են ասում, պարզապես այդ բառը արտաբերում են ռուսերեն:

Ո՛չ, երիցս ո՛չ:

Ինչպես վերը նշեցինք սպորտային այդ խաղը ռուսերեն կոչվում է ոչ թե «շախմատ» այլ «շախմատի» (шахматы): Այսինքն` հոգնակի՞։ Իսկ ինչո՞ւ է այդ բառը ռուսերենում հոգնակի ներկայանում: Եվ, իհարկե, այստեղից մակաբերվող մեկ այլ հարց. ինչո՞ւ ենք մենք «շահմաթ» բառը պարսկերենից փոխ առել ռուսերենի միջնորդությամբ,ռուսերեն արտաբերումով: Սա նույնպես մեզ հատուկ թափթփվածություն է:

Մտածենք:

Իսկ կարո՞ղ է պատահել, որ ամեն ինչ ճիշտ հակառակը լինի:

Ի՞նչ ասել է` ճիշտ հակառակ. այսինքն` ռուսնե՞րն են «շախմատի (шахматы)» բառը հայերից վերցրել: Հայերենում «շախմատի» բառ կա՞, որ մեկն էլ մեզնից այն վերցնի և շփոթ ստեղծի:

Շփոթը մեծ է, գլուխ հանելը` դժվար:

Մեզ մնում է միայն հայտարարել և համառորեն պնդել, որ հայերենում այդպիսի բառ կա, որի հոգնակի վերջածանցը բնավ էլ ռուսերեն չէ, որ այդ ամենը հայերեն է, համընկնումն էլ պատահականություն է և վերջ: Բայց հայերենում արդյոք այդպիսի բառ կա՞:

Կա:

Ասելը հեշտ է, ապացուցել է պետք:

Կապացուցենք:

Ապացուցեք:

Եվ կապացուցենք:

Փաստերով ապացուցեք:

Փաստերո՞վ. խնդրեմ, փաստերով:

Դիմում ենք մեծ էկրանին:

Կինոռեժիսոր Արման Մանարյանն իր «Մորգանի խնամին» ֆիլմում, սցենարի հեղինակի իրավունքով, ներմուծել է Ֆրանսիա տարագրված վանեցի ամուսինների կերպար: Դերակատարներն են. ժամագործ - Էդվարդ Մուրադյան (մեր հանրությանը քաջածանոթ արվեստաբան-կինոգետ Դավիթ Մուրադյանի հայրը, անցյալ դարի երեսունականներին բեմ բարձրացած լավագույն քաջ Նազարը): Ժամագործի կնոջ, տիկին Զեփյուռի դերակատարն է շնորհալի Նվարդ Աբալյանը: Սրանց ձայնագրել են. կնոջը` Վերջալույս Միրիջանյանը (հիշում եք, չէ՞ «Արուսյակ Վարդանյան»), որ լինելով բնիկ վանեցի, անաղարտ էր պահել Վանա բարբառը: Ամուսնուն` Էդվարդ Մուրադյանին ձայնագրել է Էդգար Էլբակյանը, որ վանեցի չէր, պարզապես տաղանդաշատ էր: Սրան կարելի է հավելել բեմադրող ռեժիսոր Արման Մանարյանի մանկական տարիների հիշողության մեջ պահպանված վանեցի հարևանների խոսքի գունագեղ, անջնջելի երանգապնակը, որն էլ, հավանաբար, սկզբնապատճառ էր եղել տարագիր վանեցիների կերպարը էկրան բարձրացնելու: Ամուսինը` պարոն Հմայակը, հյուսն էր, չարքաշ արհեստավոր. կինը` տիկին Նվարդը, մեր պատմությանը հայտնի Աղասի Խանջյանի հորեղբոր աղջիկը, որ առիթ էր փնտրում ներկայանալու և ասելու «Աղասի Խանջյանի քույր»: Մի խոսքով` կորուսյալ դրախտի արժանահավատ մի պատառիկ, վանա բարբառի դասական, հանրագիտարանային օրինակ: Պարզորոշ լսելի է, թե ինչպես օժանդակ «է» բայը հնչում է «ի», իսկ որոշիչ «ը» վերջածանց գոյություն չունի ընդհանրապես:

Ահա այդ պատկերը:

Մինթոևի կինը, հեռախոսով ամուսիններին հրավիրում է ճաշի: Տիկին Զեփյուռն

ամուսնուն հիշեցնում է, որ իրենք հրավիրված են մեկ այլ տեղ և հրավերն ընդունել

չեն կարող: Ամուսինն առարկում է.

«Կեսօրվա հրավեր ճաշ ի, երեկոյան հրավեր ընթրիք ի. մեկ մյուսին չի խանգարի»:

(Մեր ոչ բարբառային հայերենով այդ նույն նախադասությունը կհնչի այսպես. «Կեսօրվա հրավերը ճաշ է, երեկոյան հրավերը ընթրիք Է. մեկը մյուսին չի խանգարի»):

Ահա, փորձենք բարբառային այս շապիկը հագցնել վերը շարադրված մեր խոսքին:

Ճատրակի խաղի ավարտին հաղթող պարսիկը կասի. «շահ մաթ ասթ», խոսակցականով` «շահ մաթ է»: Հայը կասի` «շահը մաթ է», խոսակցականով` «շահը մաթ ա»: Վանեցին երկու դեպքում էլ կասի «շահ մաթ ի»: Իսկ ռուսն այս վերջինիս ընդօրինակելով կասի` «շախ մատ ի»: Խոսքի բերումով ամեն ինչ կլինի այնպես, ինչպես ներկայացվեց, բայց ռուսն ու վանեցին որտե՞ղ են հանդիպում իրար, որ այդ կարգի խոսք ու զրույց վարեն, և մենք էլ կարողանանք մեր ենթադրությունն ապացուցել: Եթե այս ամենի համար չկա իրական միջավայր` մենք զբաղված ենք անպտուղ ժամավաճառությամբ, ուրիշ ոչինչ:

Իսկ եթե կա՞ այդպիսի միջավայր:

Ո՞րն է այդ միջավայրը:

Առևտուրը:

Ազգերի, ժողովուրդների միջև գործնական շփումների ուրիշ ի՞նչ ասպարեզ կարող է համեմատվել առևտրի հետ: ՈՒրիշ ո՞վ կարող է ավելի գործուն… ոչ միայն գործուն, այլև բանագետ, տեղեկացված, բանիմաց համարվել, քան վաճառականը. աշխարհներ տեսած, լեզուներ լսած, լեզուներ իմացող վաճառականը: Եվ, ինչ խոսք, վաճառականների մեջ երբեմն… ինչո՞ւ երբեմն` հաճախ, շատ հաճախ առաջին շարքերում կանգնած հայ վաճառականը: Իսկ հայ վաճառականների մեջ` առաջին շարքերը զբաղեցնող վանեցի վաճառականը: Ասում են` առավոտ վաղ վանեցին վանեցու հանդիպելիս այսպես է բարևում. «դեղին քանի ի, բարի լույս»: Խոսքը ոսկու, մեր բառապաշարով` տարադրամի մասին է: Բայց վանեցին ոչ միայն առուծախով է զբաղվում, այլև հնարամիտ է և լուսավոր. առաջավոր գաղափարները միշտ էլ նրան գրավել են… որպես շահույթի հեռանկարային, հուսալի աղբյուր:

Դառնանք ճատրակին:

Ասում են, որ ճատրակը (չաթուրանգը, շաթրանջը) հայ մարդուն ծանոթ է եղել արդեն տասներկուերորդ դարում, իսկ ըստ Լևոն Օրբելու` իններորդ դարում: Երկու դեպքում էլ այն եղել է այսօրվա ճատրակի շատ նախնական տարբերակը, որը չէր կարող վանեցի վաճառականի ուշադրությանն արժանանալ: Ուրիշ բան է տասնչորսերորդ, առավել ևս տասնհինգերորդ դարը. և՛ առևտուրն է ծաղկուն վիճակում, և՛ նոր մտքեր, նոր գաղափարներ են հրապարակ իջնում…

Լայն ասպարեզ նոր գաղափարներին, մարդկային շփումներին:

Երասանները հանձնենք վանեցի վաճառականին, և նա մեզ կառաջնորդի մեր աշխարհամասի պատմական ամենաեռուն, ամենաաշխույժ կենտրոն:

Իսկ ո՞րն է այն:

Տեղեկացված լինելու համար մի վերջին անգամ դիմենք ՀՍՀ-ին, որի «Նովգորոդ» հոդվածը ավարտվում է այսպես.

«Պատմական աղբյուրները վկայում են Նովգորոդի և Հայաստանի առևտրական կապերի մասին»:

Որպես փաստացի նյութ բավարար համարենք այսքանը. մնացյալի համար թող պատասխան տա ստեղծագործական երևակայությունը:

Եվ այսպես. Նովգորոդի ֆեոդալական հանրապետություն: Հյուսիս-արևմտյան Եվրոպան արևելյան երկրների հետ կապող աշխույժ, գործարար կենտրոն: Սադկոյի, սադկոների երկիր: Որտե՞ղ են տարբեր ծայրերից եկած վաճառականները միմյանց հանդիպում, իրար հետ շփվում, գործարարություն իրականացնում, տեղեկացվում, նորություններ լսում, տեսածն ու լսածը ծանր ու թեթև անում, վաճառում, գնում… Իհարկե, իջևանատանը:

Նովգորոդյան իջևանատուն:

Այստեղ աշխատանքային օրը սկիզբ ու վերջ չունի. գործարար եռուզեռ…

Նոր ծանոթությունների, հին հաշիվները վերհիշելու, միմյանց ինչ-որ բան համոզելու, անհատնում վեճ-վիճաբանության, ծիծաղ-կատակի, աղմուկ-աղաղակի մթնոլորտ: Այստեղ ամեն ինչ ոչ սովորական է. և՛ մարդկանց հագուկապը, և՛ խոսքը, և՛ առաջարկվող ծառայություններն ու հետաքրքրությունները: Ահա, այս մի քանի հոգին, որ քաշվել են մի կողմ և լարված հտաքրքրությամբ հետևում են երկու ուրիշների զբաղվածությանը: Սրանց առջև երեք թզաչափ լայնք ու երկայնք ունեցող տախտակ է դրված` գույնով բաժանված քառանկյուն վանդակների: Վանդակներից մի մասի վրա տարբեր ձևերի ու չափսերի արձանիկներ են շարված, որոնք նույնպես տարբեր գույնի են, ասես երկու հակառակորդ բանակ կանգնած լինեն դեմ հանդիման: խաղացողները մերթ ընդ մերթ տեղաշարժում, երբեմն անգամ վերցնում են հակառակորդի արձանիկներից որևէ մեկը և դրա տեղը դնում մյուս գույնի իրենց արձանիկը: Ամեն մի նման քայլ արժանանում է խաղին հետևողների մերթ զուսպ, երբեմն էլ բուռն արձագանքին: Դիտողներից մեկը, որ մանուշակագույն թումբան` բանավշե է հագած, շատ բուռն է հետևում խաղին, դիտողություն է անում կողմերից մեկին, սխալ, երբեմն անթույլատրելի սխալ քայլ կատարելու համար և հուշում է, սովորեցնում է` ինչն ինչպես կարելի էր անել և ո՞ր դեպքում նման քայլ կատարել չի կարելի: Կողքից դիտողների համար վերջինիս վարքագիծը ոչ միայն ուսանելի է, այլև նրա բուռն արձագանքի պատճառով` զավեշտալի: Եվ հոգ չէ, որ դիտողություններն անում է իր մայրենի լեզվով. խաղին հետևողները նրան լավ են հասկանում: Եվ ահա, ինչ-որ մի պահի, մրցակցողներից մեկի հերթական քայլից հետո նա բարձրաձայն ազդարարում է` «շահ մաթ ի»: Ճարպիկ խաղավարը ոչ միայն խոսքով է ազդարարում կողմերից մեկի հաղթանակը, այլև ընդունում է պարտված թագավորի կեցվածքը` կանգնում է ապշահար, պլշած աչքերով, բերանբաց, հարուցելով հավաքվածների ծիծաղն ու ոգևորությունը: Բայց պարտվողը թող շատ չտրտմի. այ, եթե այսինչ պահին նա այս քայլն անելու փոխարեն մեկ այլ, այսպիսի քայլ աներ` դիմացինն էր ապշահար վիճակով դես ու դեն նայելու և հետաքրքրասերների «շախ մատ ի» բացականչությունը վերաբերելու էր նրան: Ներեցեք, բայց ինչո՞ւ «շախ» և ոչ թե «շահ»: Դա էական չէ. հետաքրքրասերները մեծ մասամբ սլավոն են, որ «հ» հնչյուն արտաբերել չեն կարողանում, ուրիշ պատճառ չկա:

-Դեղին քանի ի, բարի լույս,- լսվում է մոտեցող մեկ ուրիշ բանաֆշե (թումբան) հագածի հարցը:

Պատասխանը կորչում է խաղի տարբերակներ փնտրողների բարձրաձայն խոսքի մեջ.

«Շախ մաթ ի… շախ մատ ի…»։

Խաղավարը թողնում է իր հայրենակցին և լրջորեն դիտում խաղատախտակի վրա առաջացած իրավիճակը: Բոլորը լուռ և լարված սպասում են նրա հեղինակավոր խոսքին.

-Ճշմարիտ ի, շահ մաթ ի:

Բուռն հրճվանք, բացականչություններ.

- Շախ մատ ի… շախ մատ ի… շախմատի…

Եվ բանաֆշե հագած խաղավարը գիտի, որ իր հեղինակավոր խոսքը ոչ միայն համընդհանուր ոգևորության աղբյուր է, այլև լավ արժեք ունի… մանավանդ որ խաղատախտակներն ընդամենը երկուսն են…

Ոչ, բեռնապարկի մեջ ևս մեկը կա.

-Դավայ, դավայ…

-Նետ դավայ, իսա անձնական ի… մոյ…

- Դավայ, ու տյեբա դոմա մնոգո տակիխ, դավայ…

Ճիշտ է, հաճախորդին երբեք չի կարելի ձեռնունայն ճանապարհել, բայց… ինչ խոսք, անձնականն ավելի թանկ արժե:

Նովգորոդ:

Իջևանատուն:

Տասնհինգերորդ, գուցե նույնիսկ տասնչորսերորդ դար:

Երվանդ ՄԱՆԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 31716

Մեկնաբանություններ